• English
  • Հայերեն
  • Bulgarian
Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Բանկի հաշվի համարը
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Տեղի է ունեցել Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը

18 մայ, 2025

Հունիսի 14-ին պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի ԱԳ նախարար Թեոդորա Գենչովսկայի հետ, որը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով  առավել ակտիվացնելու երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների իրականացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են առևտրաշրջանառության և ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին և կարևորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման նշանակությունը:

Երկուստեք կարևորվել է նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև  կրթության և մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, և երկկողմ  միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը  կազմակերպելու համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։ 

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:

Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ 

Առանձնահատուկ կարևորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման և ոչնչացման հետևողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ և հասցեական արձագանքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝  ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել  իրականացման հրատապությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

 

ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և Բուլղարիայի  Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Բուլղարիայի Հանրապետություն,
1111 ք. Սոֆիա, փ. Զագորիչանե 3

Բուլղարիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: